խնդրում ենք սպասել

կայքը բեռնվում է

Մոնտեսսորի – հաջողության գրավական:

Մոնտեսսորիի մանկավարժական մեթոդը դեռևս վաղուց ճանաչում է վայելում, իսկ հենց ինքը՝ Մարիա Մոնտեսսորին, առաջադեմ իտալական գիտնական, բժիշկ-մարդաբան, փիլիսոփա, հոգեբան և հոգեբույժ, մանկավարժ-մարդասեր, վաստակել է ծնողների և գործընկերների հիացմունքն ու հարգալից հիշատակը: Մարիա Մոնտեսսորին գտնում է, որ մարդու տիեզերական առաքելությունը նրանում է, որպեսզի բացահայտի իր ծրագիրը, ազատ արձակի իր ներուժը, զարգացնի տաղանդը, որոնք տրված են Աստծո, Տիեզերքի, Բնության կողմից և կարողանա երախտիքով կիրառել այդ շնորհները լիարժեք և երջանիկ ինքնահաստատման, ինչպես նաև աշխարհին ծառայելու նպատակով:

Մոնտեսսորիի միջավայրում մեծացած երեխաներն ավելի շատ ազատություն և ինքնուրույնություն ունեն, նրանց վերաբերում են հարգանքով ու չեն համեմատում ուրիշների հետ: Նախադպրոցական տարիքում ձևավորվում է երեխայի վերաբերմունք իր նկատմամբ, այլ մարդկանց, ամբողջ աշխարհի նկատմամբ, զարգանում և ամրապնդվում են շրջապատի հետ փոխհարաբերությունները: Այդ պատճառով էլ Մոնտեսսորի մանկավարժության մեջ մեծ կարևորություն է տրվում դաստիարակչական, կրթական և հոգեբանական միջավայրին, որտեղ անցնում են երեխայի կյանքի առաջին տարիները: Մոնտեսսորին հատկանշել է, որ երեխան ծնված օրվանից ձգտում է մեծերից ազատ և անկախ լինել: Նա այդ գործընթացը նկարագրում է որպես մարդկային կյանքի կենսաբանական սկզբունք. ճիշտ այնպես, ինչպես երեխայի մարմինը զարգացնում է իր ունակությունները և նրան շարժվելու ազատություն տալիս, երեխայի հոգին էլ նույնպես ուսման և հոգու անկախության ծարավ ունի:

Ընդհանրապես, Մոնտեսսորիի մանկավարժության մեջ մեծահասակը հանդես է գալիս որպես օգնական, որն ինքնուրույնության ճանապարհ է հարթում երեխայի համար՝ համաձայն «Օգնիր ինձ անել դա ինքնուրույն» սկզբունքի: Մոնտեսսորիի մանկավարժների համար անբեկելի է այն փաստը, որ ուսուցման և ճանաչողական գործընթացը երեխայի մեջ է տեղի ունենում, երեխան ինքն է իր ուսուցիչը: Այդ իսկ պատճառով մեծահասակը նման մոտեցմամբ երեխային ուղղորդում է դեպի ուսում, որպեսզի հետո մի կողմ քաշվի և մնա դիտորդի դերում, ով հետևում է երեխաների ճանաչողական պրոցեսին: Միայն նման մոտեցման դեպքում երեխան հնարավորություն կունենա ամբողջությամբ բացահայտել Իր իսկական ծրագիրը, վեր հանել ներուժը, ներկայացնել իրեն և աշխարհին իր սեփական եզակիությունը: Հակառակ դեպքում, մեծերի կողմից երեխաներին լիովին կառավարելու պարագայում, մեծ է երեխայի մեջ նրա համար օտար «ծրագրավորում» ներդնելու ռիսկը, որը կարող է հավերժ փակել դեպի իրական «ԵՍ» տանող ճանապարհը: Այն երեխաները, ովքեր սովորում են սեփական ռիթմով և իրենց հետաքրքրություններին համապատասխան, ձեռք են բերում ինքնավստահություն և սովորածն ավելի արդյունավետ են յուրացնում: Մոնտեսորիի կողմից մշակված մեթոդի իմաստը հետևյալն է. խթանել երեխային ինքնադաստիարակման, ինքնաուսուցման, ինքնազարգացման: Մեծի խնդիրն է՝ օգնել նրան կազմակերպել իր գործունեությունը, գնալ սեփական, եզակի ճանապարհով, գիտակցել իր բնույթը:

Դուք կարող եք հավանել նաեվ